Սույն հրատարակությունն իրենից ներկայացնում է Հայկ Ասատրյանի հոդվածների հավաքածու և կենսագրական ակնարկներ: Գիրքը լույս է տեսել՝ փոխված արևելահայերենի օրվա երիտասարդության համար դյուրընթեռնելի դարձնելու նպատակով: Նժդեհի գաղափարակից, մտերիմ ընկեր, փիլիսոփայության դոկտոր Հայկ Ասատրյանը մինչ օրս շարունակում է մնալ չճանաչված ու չգնահատված: Այս գրքով հեղինակները հույս ունեն պատմության փոշու տակից դուրս հանել մեծանուն իմաստասերին և ողջ կյանքը Հայրենիքին նվիրած Հային: Գրքին տրվել է «Խռովք» վերնագիրը՝ Հայկ Ասատրյանի իսկ հրատարակած պարբերականի անունով: Գիրքն ընթերցելիս, մենք հայտնվում ենք Հայկ Ասատրյանի աշխարհում, որտեղ նա և' ստիպում է մեզ խոստովանել, վեր հանել ու անջատել մեր հոգուց դրա մաս դարձած թերիները, և' այրել, մոխրացնել դրանք հավիտենական ոգու բոցերի մեջ: