«Պատմություն Հայոց» աշխատությունը Մովսես Խորենացու գրած գլխավոր երկն է, հայ միջնադարյան պատմագիտական մտքի գլուխգործոցներից մեկը։ Այն իր մեջ ներառում է բազմաթիվ տեղեկություններ Հայաստանի, հարևան երկրների պատմության, պատմական աշխարհագրության և մշակույթի վերաբերյալ: Այս աշխատությունը մեծ դեր է ունեցել հայ հասարակական-քաղաքական մտքի, ազգային-քաղաքական գիտակցության ձևավորման մեջ։ Հեղինակի հաղորդմամբ «Պատմություն Հայոց» երկը գրվել է իշխան Սահակ Բագրատունու խնդրանքով։ Խորենացին իր աշխատության սկզբում խստորեն քննադատում է հայոց թագավորների և իշխանների «անիմաստասեր բարքը», քանի որ նրանք իրենց ժամանակն ու գործերը գրի չեն առել: Իր աշխատության մեջ Խորենացին ժամանակ առ ժամանակ խոսքն ուղղում է իր պատվիրատուին, կարևորում նրանից ստացած առաջարկությունները կամ մերժում: Իր «Պատմություն Հայոց» երկի շարադրանքը Խորենացին սկսել է Արարչագործությամբ և մեր նահապետ Հայկի կողմից աշխարհի պատմության մեջ առաջին անգամ մղված Անկախության պատերազմով և Խոշապի ճակատամարտով (մ.թ.ա. 2492թ. օգոստոսի 11), որով ոչ միայն իր անկախությունը պահպանեց Հայկյան ազգը, այլև ազատագրվեց բռնակալ Բելի կողմից ստրկացված ամբողջ մարդկությունը։ «Պատմություն Հայոցը» կամ «Հայոց Պատմությունը» ընդգրկում է հայ ժողովրդի պատմությունը սկսած հայ ժողովրդի ձևավորումից մինչև 5- րդ դարն ընկած ժամանակահատվածը, այն իր մեջ ներառում է նաև հին հայկական առասպելները (Հայկի և Բելի, Արամի, Արա Գեղեցիկի և Շամիրամի մասին վիպաառասպելական զրույցները, Վահագնի, Տորք Անգեղի, Արտավազդի առասպելները, «Վիպասանք» վիպաշարը և այլն), հեթանոսական սովորույթներ, ինչպես նաև տեղեկություններ հայերի և այլ ժողովուրդների կապի մասին: