Կարգավիճակ՝ դեռ չենք սկսել
Դոն Ժուան կամ Քարե Հյուրը, ֆրանսիացի նշանավոր դրամատուրգ Ժան Բատիստ Մոլիերի ստեղծագործությունը։ Այն առաջին անգամ ներկայացվել է 1665 թվականի փետրվարի 15-ին Փարիզում` Պալե Ռուալայի բեմում։ Սգանարելի դերում հանդես է եկել ինքը՝ Մոլիերը։ Հեղինակի կենդանության օրոք կատակերգությունը չի հրատարակվել։ Առաջին անգամ լույս է տեսել 1682 թվականին։ Մինչև 1840 թվականը հրատարակվել է կատակերգության չափածո տարբերակը, որ ստեղծել է Պիեռ Կոռնեյլի եղբայր Թոմ Կոռնեյլը։ Կատակերգությունը բազմիցս ներկայացվել է հայ բեմի վրա։ Նշանակալից էր 1880 թվականին Թիֆլիսում Գ. Չմշկյանի բեմադրությունը, որին մասնակցում էին Ա. Սուքիասյանը` որպես Դոն Ժուան, Սիրանույշը` որպես Շարլոտ, Գ. Տեր-Դավթյանը` որպես Դիմանշ, Աստղիկը՝ որպես Էլվիրա, Վարդուհին՝ որպես Մաթյուրին և Ս. Մանդինյանը՝ որպես Պիեռո։ 1881 թվականի Թիֆլիսի մշտական դերասանախումբը Պալմի ամառանոցային թատրոնում կրկին ներկայացրել է «Դոն Ժուան»-ը՝ Մ. Մնակյանի բեմադրությամբ և մասնակցությամբ որպես Դոն Ժուան։ Ա. Մանդինյանի թարգմանությունը ներկայացվել է նաև 1886 թվականին Թֆլիսի դրամատիկական ակումբի խմբի ուժերով (ռեժիսոր և գլխավոր դերակատար Օ. Կյուրեղյան)։ Այս բեմադրության մեջ երկու դերակատարմամբ (Դոն Ալոնսո, Կոմանդորի արձան) հանդես է եկել Հովհաննես Աբելյանը։ Դոն Ժուանի կերպարը 1890 թվականին մարմնավորել է նաև Գ. Չմշկյանը։ Այդ դերի լավագույն կատարողը հայ բեմում եղավ Վահրամ Փափազյանը, որի բեմադրությամբ կատակերգությունը ներկայացվել է 1922 թվականի դեկտեմբերի 19-ին (թարգմանությունը Ա. Սեր-Հովհանյան)։